Այսօր ունենք տոն, բայց չունենք անկախություն. Աշոտ Մանուչարյան

13:38 • 21.09.12

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ բոլորին շնորհավորելով ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ասաց, որ 21 տարի առաջ չունեինք տոն, բայց ունեինք անկախություն, սակայն այսօր ունենք տոն, բայց չունենք անկախություն:


Մանուչարյանի խոսքով՝ բոլոր ժողովուրդները սկզբից դառնում են անկախ, հետո փորձում դառնալ ազատ, մինչդեռ հայերի մոտ հակառակը տեղի ունեցավ սկզբից դարձան ազատ, հետո փորձեցին դառնալ անկախ:


«Մենք 1988-ից դարձանք ազատ մարդ: Այդ մարդը ստեղծագործող, պատասխանատու, ներդաշնակ միջավայր ստեղծող մարդ էր: Այդ ժամանակ հանցագործությունների թիվը Հայաստանում մի քանի տարի շարունակ զրո էր: Մարդիկ ջերմություն էին տալիս շրջապատին ու ստանում»,- ասաց նա և նշեց, որ այդ մարդիկ պատրաստ էին սարեր շրջել, ինչը և արեցին:


Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո դարձավ հայրենիք ամբողջ Սփյուռքի համար, ինչը նա կարևոր ձեռքբերում համարեց:


«Բոլոր հայերը հպարտանում էին հայրենիքով: Ամբողջ աշխարհը զարմանում էր, թե ինչ էին անում հայերը, մեր մասին գրում էին ԱՄՆ-ում և այլն: Այն ժամանակ մարդիկ միասնական էին»,- ավելացրեց նա։


Անդրադառնալով անկախություն ձեռք բերած Հայաստանի առաջին տարիների որդեգրած արտաքին քաղաքականությանը՝ նա նշեց, որ ՀՀ-ն ուներ հստակ մշակված քաղաքականություն Ադրբեջանի ու տարածաշրջանի նկատմամբ, ինչը չունի այսօր:


«Մենք ունեինք Կովկաս ակումբ, որը իրականացնում էր Կովկասյան քաղաքականություն: Ունեինք ավելի լայն գործառույթներ, որի միջոցով համագործակցում էին մյուս ժողովուրդների հետ: Իսկ այսօր Հայաստանը չունի իշխանությունների կամ ընդդիմության կողմից մշակված արտաքին քաղաքականություն»,-բացատրեց նա:


Պատճառը, ըստ Մանուչարյանի, մեկն է. Հայաստանը վարում է արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականություն:


«Բանն այն է, որ մեզ տվեցին բանաձևերի մի սրվակ ու ասեցին՝ խմե՛ք: Մենք խմեցինք ու դարձանք ստրուկ, դա նման էր թմրանյութի: Մեզ ասեցին, որ մարդն աշխարհ է գալիս հարստություն կուտակելու ու հաճույքներին տրվելու համար: Այսօրվա մարդը, ոչինչով չի տարբերվում դրսում շների վարած կյանքից»,- ասաց նա: