Անգնահատելի է Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախի զորացման գործում. ԼՂՀ նախագահի ուղերձը Հրայր Հովնանյանին

15:13 • 21.09.12

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Ամերիկայի հայկական համագումարի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին:


Ուղերձում ասված է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի հայկական համագումարի բոլոր անդամներին` կազմակերպության 40-ամյա հոբելյանի կապակցությամբ:


Ամերիկայի հայկական համագումարն այն կառույցներից է, որն արդեն չորս տասնամյակ ակտիվորեն ներգրավված է համահայկական կարևորագույն ծրագրերի մշակման եւ իրականացման գործընթացում: Անգնահատելի է համագումարի դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման և հայրենիքի զարգացման ու զորացման գործում: Շոշափելի է կազմակերպության դերակատարությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ:


Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում այդ ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը:

Կրկին շնորհավորում եմ պանծալի հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում անսպառ ուժ ու կորով, նորանոր հաջողություններ համազգային իղձերի ու նպատակների իրականցման ճանապարհին»: