Չինաստանի քաղաքներից մեկում մուրացկաններին դրել են վանդակների մեջ` անցորդներին չանհանգստացնելու համար (լուսանկարներ)

18:28 • 21.09.12

Չինաստանի Նանչան քաղաքի իշխանությունները հրամայել են բոլոր մուրացկաններին մտնել հատուկ վանդակների մեջ՝  կրոնական ծեսին մասնակցելու եկած մարդկանց և զբոսաշրջիկներին չանհանգստացնելու համար։ Հրամանին չենթարկվելու դեպքում նրանք պետք է արտաքսվեին քաղաքից, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Կրոնական ծիսակատարության ժամանակ քաղաքում, բացի մեծաթիվ զբոսաշրջիկներից, հավաքվում են նաև հարյուրավոր մուրացկանններ: Այս անգամ նրանք «տեղավորվել» են հատուկ մետաղյա վանդակներում, դրանց առաջ թասեր դրել, որտեղ անցորդները սեփական կամքով մետաղադրամներ են նետել:

 

«Մուրացկաններն իրենց շատ լավ են զգում այս վանդակներում, որտեղ անցորդներից թե՛ գումար, թե՛ սնունդ, թե՛ ջուր են ստանում: Բացի այդ, այստեղ գտնվելը շատ ավելի ապահով է նրանց համար, քան ամբողջ օրը փողոցներում թափառելը»,-նշել է արտասովոր նախաձեռնության կազմակերպիչներից մեկը:

 

Սակայն մուրացկաններին վանդակներում պահելն արդեն առաջացրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի խմբերի զայրույթը, ովքեր նշել են, որ չի կարելի մարդկանց վերաբերվել ինչպես գազանների:

 

Ինչ վերաբերում է քաղաքի հյուրերին, ապա նրանք  ասել են, որ մետաղյա ճաղերի արանքներից օգնություն խնդրող մարդկանց տեսարանն ուղղակի սարսափելի է եղել: