ՀՀ անկախության օրը բացվեց «Եռագույն» վերլուծական, լրատվական կայքը՝ արևմտահայերենով

11:32 • 21.09.12

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի օրը հայաստանյան էլեկտրոնային լրատվական դաշտը համալրվեց ևս մեկ լրատվամիջոցով. բացվեց  «Եռագույն» անունը կրող  վերլուծական, լրատվական կայքը:


Կայքի համախմբագիրներից մեկը, լրագրող Նայիրի Մկրտիչեանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս Հայաստանում և Սփյուռքում չկար զուտ արևմտահայերենով գործող վերլուծական, լրատվական կայք՝ առավել ևս՝ անկախ գործող:


«Կան կայքեր, որոնք կգործեն հիմնական տպագիր կայքերու կողքին, բայց անկախ լրատվական կայք արևմտահայերեն լեզվով՝ չիկար»:

 

Թե ինչո՞ւ որոշվեց կայքն անվանել «Եռագույն»՝ Նայիրի Մկրտիչեանն ասաց.«Կայքն անվանվեց «Եռագույն», որովհետև Եռագույնը Սփյուռքի մեջ փայփայվեցավ հայության որոշ հատվածի կողմից և դարձավ ազգային դրոշ: Մենք նաև կմտածենք, որ «Եռագույն» կայքը՝ ստեղծվելով մեր եռյակի կողմեն, կդառնա համայն հայության սիրելի կայք»,-ասաց նա:

 

Տեղեկացնենք, որ «Եռագույն» վերլուծական, լրատվական կայքի մտահղացման հեղինակներն են արևմտահայեր՝ Խաժակ Մկրտիչեանը, Նայիրի Մկրտիչեանը և Նարինէ Տումանեանը:

 

Նայիրի Մկրտիչեանը նաև նշեց, որ կայքի պահանջարկը մեծ էր, քանի որ սփյուռքահայ կամ արևմտահայ ընթերցողը «կորչում է» արևելահայերն կայքերի մեջ ու շատ բան չի հասկանում, շատ բան նրան դուր չի գալիս. «Մենք հիմա սփյուռքահայության փոխարեն կարդում ենք արևելահայերենով ներկայացվող բոլոր թերթերը, ընտրում իրենց պիտանի նյութերը և մատուցում իրենց համար մատչելի հայերենով»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ «Եռագույն» կայքը դեռ չբացված, միայն ֆեյսբուքյան էջում ունեցավ 19 հազար այցելու:


Նայիրի Մկրտիչեանը տեղեկացրեց, որ կայքում տեղ են գտնելու Հայաստանի ու Սփյուռքի բոլոր լրատվամիջոցների հրապարակած նյութերը՝ Հայաստանի Սփյուռքի ու աշխարհի վերաբերյալ:


«Բնականաբար, պիտի ըլլան նաև ինքնուրույն նյութեր, նաև մենք կգրենք հոդվածներ: Բայց դեռ երկու աշխատակիցներով չենք կարող ամեն ինչ հասցնել, այն նախապես առավելաբար պետք է ըլլա ծաղկաքաղ բոլոր լրատվամիջոցներու՝ բնականաբար՝ հղումով»,- ասաց նա և ավելացրեց, որ կայքի աշխատողների կազմը կընդլայնվի միայն այն ժամանակ, երբ գովազդատուներն ավելանան ու հովանավորներն ավելի շատ միջոցներ տրամադրեն: