Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ-ն Անկախության օրը նշեց Սարյանի արձանի մոտ (տեսանյութեր)
Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ այսօր «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներն ու նրա համակիրները հավաքվել էին Սարյանի արձանի մոտ` նշելու տոնն առանձին:
Տոն-հանրահավաքին ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ներկա էին ՀԱԿ-ի գրեթե բոլոր ղեկավարները, բացառությամբ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի:
Հավաքվածներին շնորհավորեց և ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով հիշեցրեց, թե ինչ մեծ ոգևորությամբ՝ քեֆ-ուրախությամբ ժողովուրդը 1991թ-ի սեպտեմբերի 21-ին «այո» ասաց Սովետական Միությունից դուրս գալու և Հայաստանն անկախ ճանաչելու որոշումը:
Այսօր, ըստ նրա, այդ ուրախությունից քիչ բան է մնացել: «Այսօր մենք ավելի շատ պայքարում ենք ոչ թե դրսի թշնամու դեմ, այլ ներսի: Բայց մենք պետք է հասկանանք, որ նոր փուլ ենք մտել, դրա զոհաբերության և հաղթահարումը նորից մեր և մեր երեխաների ուսերին է»,– ասաց նա:
«Եթե լույս չտեսնենք, ուրեմն Հայաստանի անկախությունը կործանվելու է: Հայաստանի անկախությունը պայքարող քաղաքացի է, ով հոգնեց՝ դավաճան է, ով խեղճացավ՝ դավաճան է, հույսով լեցուն դեպի հաղթական անկախություն: Կեցցե՛ նա, ով անկախության համար այսօր էլ պայքարում է»,- ավելացրեց նա:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պահանջը նույնն էր: «Պետք է ժողովրդին չվերադարձնել իշխանության ձևավորման սահմանադրական իրավունքը, կոչ եմ անում չհոգնել, չհուսահատվել, այլ տարբերակ չկա՝ 5 տարի է սկսել ենք ու պետք է ավարտին հասցնենք»,- ասաց նա:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում հավաքվածներին հիշեցրեց, որ անկախությունը ձեռք չի բերվել հեշտությամբ: Այսօր, ըստ նրա, շատերը կասեն, որ իրենք այս անկախության համար չէին պայքարում:
«Ժամանակն է անկախությունը լցնել բովանադակությամբ, այլապես դա անիմաստ արժեք է: Հայ ժողովուրդը պետք է պայքարի: Ուղիղ 5 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթադրում էր, թե գործերը վերջացրել է, պետականություն է կերտել, հաղթել Ղարաբաղյան պատերազմը, գլխավոր գործերն արված են և կարող է հանգիստ գնալ վայելել, այգեգործությամբ կամ իր գիտական աշխատանքներով զբաղվել: Բայց նա զգաց, որ այն արժեքները, որի համար պայքարել է, դրանք ավիրվել են, բովանդակազրկվել են: Այդ իսկ պատճառով ուղիղ 5 տարի առաջ այս օրը հայտարարեց, որ ժամանակն է պայքարել»,- ասաց նա:
Զուրաբյանն ինքն իրեն հակադարձեց. «Հիմա կասեք 5 տարի է պայքարում ենք, ինչի՞ հասանք: Ժողովուրդ ջան, որևէ տեղ նման ուժգնության շարժում չի եղել, ուղղակի մեր բախտը չի բերել, որ 5 տարվա ընթացքում այդպես էլ չունեցանք համաշխարհային ժողովրդավարության համախմբում, մեկ էլ Ղարաբաղի հարցն էր»,– ասաց նա:
«Մեզ ծեծեցին, բանտեր մտցրեցին, բայց մենք չդադարեցինք պայքարել։ Եթե շարունակում ենք, ուրեմն այսօր մենք տուն գնացողը չենք, ուզում է աշխարհը մեզ հետ համերաշխ լինի, ուզում է՝ ոչ, մենք միևնույն է պայքարելու ենք ու հաղթելու ենք»,- ավելացրեց նա:
Հրանտ Բագրատյանն իր հերթին հավատացրեց, որ հետևողական խելացի պայքարով բոլոր հարցերը լուծելու են:
Իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկել է մեծ ջանքեր գործադրելու և ավելի մեծ զոհողություների ժամանակը:










