Ճապոնիայում iPhone 5-ի վաճառքի առաջին օրը խանութներից ավելի քան 220 սմարթֆոն է անհետացել
Ճապոնիայում Apple ընկերության նորույթի՝ iPhone 5-ի պաշտոնական վաճառքի հենց առաջին օրը խանութներից գողացվել է ավելի քան 220 սմարթֆոն, հայտնում է РИА Новости-ն:
Ճապոնիայում խանութների և առևտրի կենտրոնների բացումից ժամեր առաջ մուտքի մոտ հերթեր են կուտակվել: Դեռևս պատվերներ ընդունելու շրջանում նորույթը ռեկորդ էր սահմանել՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում գրանցելով ավելի քան 2 մլն պատվեր:
Սակայն մինչ օրինապաշտ գնորդները հերթերում սպասում են իրենց հերթին, սպասել և ամենամսյա վճարումներ կատարել չցանկացողները որոշել են պարզապես գողանալ նորույթը: Նախնական տվյալներով՝ միայն Օսակայի վաճառքի 3 կետերից անհետացել է ավելի քան 190 սարք: 30-ից ավելի սմարթֆոն էլ անհետացել է Քոբե քաղաքի խանութներից:
Այսօր iPhone 5-ի պաշտոնական վաճառք է սկսվել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում և Հոնգկոնգում: Մեկ շաբաթից սարքի վաճառքը կընդլայնի իր աշխարհագրությունը՝ ներառելով ևս 22 երկիր:










