ԱՄՆ նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ անկախության տարեդարձի առիթով

17:50 • 21.09.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առիթով։


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Մեծարգո՛ պարոն Նախագահ
Իմ ջերմագին բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և հայ ժողովրդին Սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ:


Հայաստանը թևակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև ամուր ու տևական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը և լիահույս է, որ առաջիկա տարիներին մեր սերտ գործընկերությունն առավել կընդլայնվի:


Ժողովրդավարությունը, բարեկեցությունը և խաղաղությունը Ձեր երկրում խորացնելու մեր աշխատանքներից զատ՝ մեր համագործակցությունը ներառում է նաև համատեղ ջանքեր ընդդեմ համընդհանուր մարտահրավերների, և մենք խորապես արժեվորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին Աֆղանստանում ու Կոսովոյում, որտեղ քաջարի հայ զինվորները ծառայում են ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ ամերիկյան ուժերի հետ միասին:


Ամերիկան նաև մեծապես հարստացել է հայկական ծագում ունեցող ամերիկյան քաղաքացիների ներդրումների շնորհիվ և այսօր՝ այս տոնի առիթով, մենք միասին նշում ենք նաև մեր ժողովուրդների միջև եղած երկարամյա բարեկամական կապերը:


Բոլոր ամերիկացիների անունից ես իմ սրտաբուխ շնորհավորանքներն եմ հղում այս կարևոր տոնի առթիվ»: