Օբաման կոչ է արել արաբական երկրներին հրաժարվել «ամբոխի բռնապետությունից»
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Մայամիի համալսարանում ելույթի ժամանակ ուղերձ է հղել Եգիպտոսի, Լիբիայի և Թունիսի առաջնորդներին, հայտնում է vz.ru-ն։
«Իմ ուղերձը Եգիպտոսի, Լիբիայի և Թունիսի նախագահներին հետևյալն է՝ մենք ցանկանում ենք համագործակցել, միասին աշխատել, հանդես գալ ի նպաստ ժողովրդավարության, սակայն ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, այն նաև փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն է, խոսքի ազատությունը և կանանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքը»,- նշել է Օբաման: Նա հայտնել է նաև, որ չի կարելի «բռնապետի բռնապետությունը փոխարինել ամբոխի բռնակալությամբ»:
Անդրադառնալով «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի շուրջ ծագած աղմկահարույց սկանդալին՝ Օբաման հայտնել է, որ Վաշինգտոնն այդ տեսանյութը վիրավորական է համարում և որ այն չի արտացոլում Ամերիկայի հայացքները: Այնուամենայնիվ, ֆիլմը «շարժառիթ հանդիսացավ Արևմուտքի ներկայացուցիչների և ամերիկացիների դեմ բռնի ուժի կիրառման»:
«Միացյալ Նահանգները չի հանդուրժի բռնություն»,- ասել է նա՝ հավելելով, որ իր վարչակարգի նպատակն է վստահ լինել դիվանագետների անվտանգության հարցում, իսկ բռնության մեղավորները պատասխան կտան արդարադատության առաջ:
Պատասխանելով վերջերս Բենգազիում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումների վերաբերյալ հարցին, նա ասել է. «Կարծում եմ՝ կարևոր է գիտակցել, որ շնորհիվ մեր դիվանագետների մենք ազատագրեցինք Լիբիան բռնակալից, որն ահաբեկում էր երկիրը 40 տարի շարունակ»։
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով զոհվել էին ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսն ու ևս երեք ամերիկացիներ:










