Pink Floyd խմբի լոնդոնյան տունը վաճառվել է մոտ 2 մլն դոլարով
Լոնդոնում գտնվող անգլիական Pink Floyd լեգենդար խմբի մասնակիցների տունն աճուրդում վաճառվել է 1.2 մլն ֆունտ սթերլինգով (1.94 մլն դոլար), հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը: Գնորդը սինգապուրցի Շիվան Իզվարանն է, ով խոստովանել է, որ «երաժիշտների տաղանդի երկրպագուհին չէ»:
Savills Auctions աճուրդային տան տեղեկատվության համաձայն՝ Լոնդոնի հյուսիսում գտնվող այդ տանը Ռոջեր Ուոթերսը, Նիք Մեյսոնը, Ռիչարդ Ռայթը և Սիդ Բարեթը (խմբի առաջին կազմը) բնակվել են անցած դարի 60-ական թթ.: Սենյակներում մինչ օրս մնացել են նրանց երաժշտական գործիքները:
Տան նոր սեփականատիրուհին, ով նույն արժեքով ձեռք է բերել նաև հարևան տունը, դեռևս չգիտի, թե ինչ է անելու իր անշարժ գույքի հետ:
«Ես որոշում կկայացնեմ, երբ ինքս տեսնեմ տունը»,- հայտնել է նա:










