Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին և գոհունակություն հայտնել

17:39 • 21.09.12

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի՛ Սերժ Ազատի,


Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:


Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում:


Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը, ընդլայնել ԱՊՀ և ՀԱՊԿ ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների արմատական շահերին, ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով:


Հարգելի՛ Սերժ Ազատի,


Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն և բարգավաճում»։