Հայաստանցի գործարարին ռուսական գյուղ են վաճառել՝ բնակիչներով հանդերձ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզում հայաստանցի գործարար Սեյրան Վարագյանն աճուրդով գյուղ է գնել՝ «ագարակներով, ջերմոցներով, կաթսայատնով, զանգակատնով, տներով ու դրանց բնակիչներով հանդերձ», գրում է Взгляд-ը:
Անդրադառնալով նույն դեպքին՝ НТВ-ն հաղորդել է, թե «ճորտատիրությունը վերադարձել է»:
Այս առիթով Չելյաբինսկի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսել: Պարզվել է, որ աճուրդում 117 հոգի է վաճառվել, իսկ նոր տերը գնված Ներովչատկայի հին բնակիչներին տեղահանում է կամ առաջարկում գնել նրանց տները:
Վարագյանը նույն գյուղի «սովխոզի» տնօրենն է. նա ժամանակին հրաժարվել է համապատասխան պայմանագիր կնքել գյուղացիների հետ, ինչի պատճառով նրանք չեն կարողացել սեփականաշնորհել իրենց գույքը: Իսկ աճուրդից հետո մարդիկ իրավազուրկ են դարձել:
Ամբողջ շարժական և անշարժ գույքը, այդ թվում՝ նաև տեղի թանգարանը, Վարագյանին է վաճառվել 16,5 մլն ռուբլով:










