Ընդունելություն Պրահայում՝ նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին

15:58 • 22.09.12

Չեխիայում ՀՀ դեսպանությունը սեպտեմբերի 21-ին Պրահայի համանուն հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին:


Ըստ Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ միջոցառմանը ներկա են եղել Չեխիայի Պառլամենտի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Չեխիայի հասարակայնության, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից:


Ելույթներով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և սենատոր Յարոմիր Շտետինան:


Դեսպանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անցած 21-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները:


Այնուհետև դեսպանը խոսել է հայ-չեխական հարաբերությունների և դրանց հեռանկարների, Հայաստանի կառավարության եվրոպական օրակարգի, ինչպես նաև Չեխիայի հայ համայնքի մասին:


Չեխ սենատորն իր խոսքում շնորհավորել է Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին, Չեխիայի հայ համայնքին անկախության տարեդարձի կապակցությամբ:


Ընդունելությունն ուղեկցվել է հայ երեխաների նկարների` անկախության հռչակման տարեդարձին նվիրված ցուցահանդեսով: Միջոցառումն ավարտվեց ավանդական ճաշկերույթով: