Եզդիները կասկածում են, որ Թահսին Բեգը Իրաքում չի պաշտպանում եզդիների իրավունքները. Բորիս Թամոյան

16:26 • 22.09.12

«Սինջար» միավորման նախագահ Բորիս Թամոյանը տարածել է հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից Հայաստան է ժամանելու եզդիների առաջնորդ Միր Թահսին Բեգը:

 

Բորիս Թամոյանը նշում է, որ Թահսին Բեգի Հայաստան կատարվելիք այցը եզդիական համայնքում տարաբնույթ խոսակցությունների առիթ է տվել.« Հատկապես բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Թահսին Բեգը Իրաքում քրդերի վարած հակաեզդիական քաղաքականության հանդեպ անտարբեր է և չի պաշտպանում եզդիների իրավունքները»:

 

Ըստ «Սինջար» միավորման նախագահի, այս խոսակցությունները տարածված են նաև Իրաքի եզդիների շրջանում.«Չնայած այս խոսակցություններին Միր Թահսին Բեգը վայելում է աշխարհի եզդիների մեծամասնության հարգանքը»,- գրում է Թամոյանն ու հավելում՝ սա նշանակում է, որ Թահսին Բեգը լինելով Հայաստանում պետք է ջանքեր թափի այս ուղությամբ, որպեսզի հերքվեն իր քրդամետ լինելու մասին խոսակցությունները:

 

« Քրդական հարցում` Հայաստանում բնակվող եզդիների մեծամասնությունը համակարծիք են, և միանշանակ չեն ընդունի այն առաջնորդին` ով հարում է քրդական կողմին: Իսկ առաջնորդ, ում չի ընդունում ժողովուրդը` հավասարազոր է ոչնչի»,- հայտարարում է Բորիս Թամոյանը:

 

Եզրափակելով իր հայտարարությունը «Սինջար» միավորման նախագահը գրում է.«Ինչևիցե, մի քանի օր է մնացել անձամբ Միրից ստանալու մեր բոլոր հարցերի պատասխանները»: