Դամասկոսում բանակը 150 գրոհային է սպանել, Հալեպում 40 պիկապ է ոչնչացվել

21:05 • 22.09.12

Սիրիայի կառավարական զորքերն այսօր ավարտել են Դամասկոսի հարավային արվարձանները ընդդիմադիր գրոհայիններից ազատագրելու գործողությունը, որի հետևանքով 150 գրոհային է սպանվել:


Վկայակոչելով «ՍԱՆԱ» գործակալությանը՝ ռուսական «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալություն հաղորդում է, որ սիրիական իշխանությունները «անվտանգ» են հայտարարել Դամասկոսի «Հաճար Ալ Ասուատ», «Քադիմ» և «Թիշրին» շրջանները, որտեղ խաղաղ բնակչությանը թույլատրվում է վերադառնալ:


Սիրիայի մայրաքաղաքի հարավային արվարձանները գրոհայիններից ազատագրելու համար մոտ մեկ շաբաթ է տևել:
«ՍԱՆԱ»-ի տվյալներով, այդ հատվածում ամրացել էին ավելի քան 1500 գրոհայիններ, մարտերի ընթացքում սպանվել է 150 գրոհային, հարյուրավոր ապստամբներ ձերբակալվել են, նրանց շարքերում շատ են նաև օտարերկրյա վարձկաններ:


Հալեպի մերձակայքի Աթարիբ քաղաքի շրջանում գրոհայինները փորձել են ամրանալ Ուրմ-էս-Սուգրա, Քֆար-Ջուրամ և Աբեզմո բնակավայրերում` Թուրքիայի սահմանի երկայնքով և Իդլիբ նահանգի սահմանին, ինչը հնարավորություն կտար ապստամբ խմբավորումներին իրենց ենթակայության տակ առնել երկրի լայն տարածք և լրջորեն սպառնալ Դամասկոսի անվտանգությանը:


«ՍԱՆԱ»-ի տվյալներով, այդ շրջանի մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 40 պիկապ, որոնց վրա տեղադրված են եղել գնդացիրներ, ինչպես նաև 5 ավտոբուս, որոնց մեջ եղել են գրոհայիններ:


Կառավարական զորքերի կորուստների մասին չի հաղորդվում: Գրոհայինները հաղորդում են մեկ կառավարական ռազմական ինքնաթիռի կործանման մասին, սակայն Դամասկոսից ռազմական աղբյուրները այդ տեղեկությունը չեն հաստատել: