Հրդեհ՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի նորակառույց շինությունում (լրացված) (լուսանկարներ, տեսանյութ)

12:01 • 22.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ ժամը 11.27-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Մելիք Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը:
Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

 

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այրվել է 10 քմ տարածք։ Ակտիվ հրդեհը մարվել է 5-7 րոպեում, սակայն դեռևս հրշեջներն իրենց աշխատանքները շարունակում են: «Հիմա չենք ավարտում վերջնական աշխատանքները, քանի որ եռաշերտ է: Հրշեջ փրկարարները քանդման աշխատանքներ են կատարում, որպեսզի վերջնականապես համոզվեն, որ օջախ չի մնացել և հետագայում չի կրկնվի»,- պարզաբանեց նա:

 

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի՝ պատճառների մասին դեռևս չեն կարող ասել. «Հրդեհատեխնիկ հետազոտությունից հետո միայն պարզ կլինի»,-ասաց նա, միաժամանակ նկատելով, թե նախկինի պես այս անգամ էլ, հավանաբար, դա եղել է մարդկանց, այս դեպքում՝ շենքի տանիքում աշխատող շինարարների մեղքով:



Հիշեցնենք, երկրորդ անգամ է, որ հրդեհ է բռնկվում Հանրապետական կուսակցության շենքի տանիքում: Առաջին անգամ շենքի տանիքն այրվել էր մայիսի 22-ին, որից հետո գրասենյակը վերանորոգվել էր: