Իվանիշվիլին շուտով երկրի իշխանական համակարգի փլուզում է կանխատեսում
«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ շատ շուտով երկրի վարչակարգը կսկսի տրոհվել և կքայքայվի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Իվանիշվիլին Վրաստանի գործող վարչապետ Վանո Մերաբիշվիլիին համարում է իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ամենա «հավասարակշռված» անձը և հերքում տարածված այն լուրերը, թե Մերաբիշվիլիին ցանկանում է ընդդիմությանը միանալ:
«Վանո Մերաբիշվիլիի համար օրենքի առաջ շատ խնդիրներ են գոյանում, քանի որ նա է բարձր պաշտոններ զբաղեցրել այն ժամանակահատվածում, երբ Վրաստանում այդ բազմաթիվ հանցագործություններն էին կատարվում, չնայած նրան, որ նա է իշխող կուսակցության ամենահավասարակշռված անձը»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նա չի բացառել, որ Գլդանի բանտում ազատազրկված անձանց հանդեպ բռնությունների սկանդալային կադրերի վերաբերյալ Մերաբիշվիլիի կողմից տեղեկությունների փոխանցումը լրագրողներին, կարող է կապված լինել իշխանական համակարգում որոշակի փոփոխությունների հետ:
«Սաակաշվիլին 3 ամիս առաջ ներքին գործերի նախարար Մերաբիշվիլիին փոխարինեց Ախալայայով, ինչը իշխանության մեջ շատերի մոտ բացասական արձագանք ունեցավ: Այդ իշխանական համակարգի տրոհումը շատ պարզ է, և դուք կտեսնեք, իրական քայքայումը շատ շուտով կսկսվի», - ասել է Իվանիշվիլին:










