Հայրական կողմից նախնիներս Հայաստանի ամենահարավային կետից են. Դմիտրի Խառատյան

18:18 • 22.09.12

ՌԴ Բլագովեշենսկ քաղաքում անվանի դերասան Դմիտրի Խառատյանի և երգչուհի Լարիսա Դոլինայի մասնակցությամբ «Մատա Խարի. սեր և շպիոնաժ» մյուզիքլի պրեմիերայից հետո դերասանը պատմել է լրագրողներին ներկայացման, իր կարիերայի և տոհմածառի մասին։

 

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, նա նշել է, որ շատ հպարտ է միևնույն բեմում Դոլինայի նման երգչուհու հետ հանդես գալու համար։

«Երբևիցե կկարծե՞ի ես, որ կերգեմ Դոլինայի հետ»,- ասել է դերասանը։


Նա պատմել է, որ թատրոնում սկսել է խաղալ 90-ականների կեսերից։ «Իսկ մինչ այդ խաղացել եմ բացառապես կինոյում, այդ իսկ պատճառով, առաջին երկու տարիներին բեմում անվստահ էի ինձ զգում։ Եվ հանդիսատեսը չի տեսել այն Դմիտրի Խառատյանին, ում ցանկանում էր տեսնել»,- խոստովանել է դերասանը։


Վերջերս նա կազմել է իր տոհմածառը և պարզել, որ մորական կողմից պապի պապի պապի պապը ծնունդով եղել է Խաբարովսկից, աշխատել ռուս-ամերիկյան մի ընկերությունում, եղել է ծովագնաց։


Իսկ հորական կողմից հայ է՝ «Հայաստանի ամենահարավային կետից, որից հետո միայն Իրանն է»։

«Բացահայտել եմ նաև ազգանվանս ծագումնաբանությունը։ Միշտ իմացել եմ, թե իմ ազգանունը հայկական «խառատ» բառից է, սակայն պարզել եմ, որ սզբնապես ազգանունը եղել է Խրատյան, իսկ «խրատ»՝ խորհուրդ է նշանակում»,- ասել է նա։