Մադրիդում MTV երաժշտական փառատոնին չմասնակցած երիտասարդներն անկարգություններ են հրահրել

16:00 • 22.09.12

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ոստիկանության և երիտասարդների միջև բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 60 մարդ, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը:

 

Երիտասարդները դժգոհել են, որ իրենց թույլ չեն տվել մասնակցել MTV Madrid Beach երաժշտական փառատոնին:

Մոտավորապես հազար երիտասարդ, չկարողանալով մասնակցել բացօթյա միջոցառմանը՝ տեղերի սահմանափակ լինելու պատճառով, սկսել է ոստիկանների վրա շշեր և այլ իրեր նետել:

 

«Ոմանք փորձում էին մասնակցել փառատոնին, սակայն տեղ չկար այլևս: Հետո սկսվեցին անկարգությունները, երիտասարդներն այրեցին աղբամանները: Ոստիկանների վրա սկսեց շշերի տարափ տեղալ»,-  գործակալությունը մեջբերում է ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:

 

Ըստ նրա տվյալների՝ բախումները շարունակվել են հարևան փողոցներում և տևել չորս ժամ: