Պակիստանում «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի դիմաց $100.000 է խոստանում

23:21 • 22.09.12

Պակիստանի երկաթուղային հաղորդակցության նախարար Գուլամ Ահմեդ Բիլուրը 100 հազար ԱՄՆ դոլար է առաջարկել հակաիսլամական համարվող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի դիմաց, հաղորդում է BBC-ն:

Նախարարի խոսքով, այդ գումարը նա պատրաստ է տրամադրել սեփական գրպանից:

Ահմեդ Բիլուրը նաև համարում է, որ այդ «պարգևավճարին» կարող են արժանանալ ինչպես թալիբները, այնպես էլ «Ալ-Կաիդայի» անդամները:

Հիշեցնենք, որ նախօրեին Պակիստանում հակաիսլամական համարվող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաների ընթացքում, իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ:

Միայն 14 մարդ զոհվել էր Կարաչի քաղաքում, ևս 5 մարդ Փեշավարում:

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում բազմաթիվ վիրավորներ են գրանցվել այն բանից հետո, երբ իսլամիստների կատաղած ամբոխը փորձել է ներխուժել քաղաքի այն շրջան, որտեղ տեղակայված են բազմաթիվ երկրների դեսպանատներ, այդ թվում և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը: