Ավստրալահայերը իրենց մտահոգությունները ներկայացրել են Սփյուռքի նախարարին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ավստրալիայի հայ համայնքի «Սփյուռք- Հայրենիք» մշակութային միության ներկայացուցիչներ Լևոն Դամիրյանին և Կիրակոս Մարգարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:
Կիրակոս Մարգարյանն ասել է, թե մինչ օրս ավստրալահայ համայնքն ակնածանքով է հիշում նախարարի այցը և ելույթն Ավստրալիայում:
Նախարար Հակոբյանը լսել է ավստրալահայերի մտահոգությունները ՝ կապված Ավստրալիայի հայ համայնքի ներսում հայապահպանության և լեզվի պահպանության խնդիրների հետ:
Հյուրերը ցանկություն են հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական հսկողության և աջակցության շնորհիվ բարձրացնել, հատկապես, երիտասարդների մշակութային և ազգային գիտակցությունը:
Պարոնայք Դամիրյանն ու Մարգարյանը ներկայացրել են, որ իրենք ջանքեր չեն խնայում հայերին դեպի Հայաստան ուղղորդելու, պատմական հայրենիքին ծանոթացնելու գործում:
Նախարար Հակոբյանը ողջունել է ավստրալահայերի նախաձեռնողականությունը և հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել հայապահպանությանն ու ազգապահպանությանը միտված բոլոր աշխատանքներում:










