Ադրբեջանցի ֆուտբոլիստուհիները, Ջեյ Լոն և կացնասպանը. Al Jazeera

13:34 • 23.09.12

Al Jazeera-ն փորձել է հասկանալ, թե ինչ կապ ունեն ադրբեջանցի ֆուտբոլիստուհիները, Ջեյ Լոն և կացնասպան Սաֆարովի իր «Իր վրա ուշադրություն հրավիրելը Ադրբեջանում» անդրադարձում:

Իր հարցադրմանը հեղինակը՝ Ռոբին Ֆորեստիե-Ուոքերը, տալիս է հետևյալ պատասխանը. վերջերս նրանց բոլորին էլ ողջունում են Բաքվում:

 

Ադրբեջանը հետամուտ է համընդհանուր ուշադրությանը: Գրելով, որ Ադրբեջանը շաբաթ-կիրակի օրերին ընդունել է Ջենիֆեր Լոպեսին՝ ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկան կանանց ֆուտբոլի խաղերին՝ հոդվածագիրը գրում է, որ ավելի վաղ այդ երկիրը «հպարտորեն իր հարկի տակ ընդունել էր եվրոպական կիտչային (ցածր ճաշակ քարոզող արվեստի ուղղություն) երգի մրցույթը»:

 

«Սակայն տանը դիտավորյալ և սարսափելի սպանություն իրականացրած մարդուն հայրենիքում ողջունելը վնասել է կտրուկ աճ գրանցող և եվրոպական մայրաքաղաք ունեցող հավակնոտ ազգի իմիջին», - արձանագրում է աղբյուրը:

 

Հաջորդիվ հոդվածագիրը մանրամասն ներկայացնում է Սաֆարովի խայտառակ գործը: Այս առիթով Ֆորեսթիե-Ուոքերը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները «նյարդայնացել են» Բաքվից հաղորդումներ անելու՝ Al Jazeera-ին տրված թույլտվությունից, սակայն եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր պատմել են պատմության իրենց տարբերակը:
Աղբյուրը ընդգծում է այն հակադրությունը, որ կա «հպարտ ու արտաքին աշխարհին նայող Ադրբեջանի» և «միջազգային քննադատությունից տառապող ազգի» միջև:

 

Հեղինակն ընդգծում է, որ «Ադրբեջանում առողջ հայրենասիրության մյուս կողմը ազգայնականությունն է, որը հիմնված է հարևան Հայաստանի ժողովրդի իրական ու երևակայական անարդարությունների վրա»: Աղբյուրը նշում է, որ ժամանակին Ադրբեջանի՝ պետականորեն վերահսկվող ԶԼՄ-ները ինչպես հարկն է չեն ներկայացրել Սաֆարովի ոճրագործությունը:

 


«Տեղացի մի ծանոթ ինձ պատմել է, որ Ադրբեջանը ազգային հոգեկերտվածք ունի. դա մի ազգի մտածելակերպ է, որը պարտվել է, բայց ինքն իրեն դեռ պատերազմող է համարում… Սաֆարովի ազատությունը շատերը բացառիկ հաղթանակ են համարում», - գրում է հոդվածագիրը:

 

«Սակայն միլիարդավոր նավթադոլարները ԼՂ հակամարտությունից 20 տարի անց էլ «Եվրատեսիլներով» ու ՋեյԼոյերով չեն կարող հետ բերել այն, ինչ շատերը ցանկանում են՝ հողը և իրական խաղաղությունը՝ «սառեցված հակամարտության» փոխարեն, որը սպառնում է նորից պայթել»,- եզրափակում է աղբյուրը: