Անհրաժեշտ է առանց խտրականության օգնության ձեռք մեկնել Սիրիայի հայությանը հենց այսօր, վաղը կարող է ուշ լինել. Արամ 1-ին

18:09 • 23.09.12

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին Անթիլիասի Մայր Տաճարում Սուրբ և անմահ պատարագի ժամանակ Հայաստանի Հանրապետության վերանկախացման 21-րդ տարեդարձի առիթով Հանրապետական Մաղթանք է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Այս մասին տեղեկանում ենք Կաթողիկոսարանի՝ Facebook-ի էջից։


Հանրապետական Մաղթանքից հետո, Վեհափառ Հայրապետը ասել է.
«Երկար դարերի տառապանքից ու հալածանքներից հետո 1918-ի Մայիսի 28-ին հայրենի մեր ժողովուրդը կերտեց իր անկախությունը: Դժբախտաբար, կարճ ժամանակ հետո Հայաստանը կորցրեց իր անկախությունը և տասնամյակներ շարունակ ենթակա դարձավ համայնավար վարչակարգին: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերանկախացավ՝ մեր ժողովրդի մարտունակ ոգու և գիտակից հանձնառության շնորհիվ:


Ապա Վեհափառ Հայրապետը ավելացրել է, որ «Միայն անկախություն ունենալը չի բավականացնում. հիմնականը՝ այդ անկախությունը պահելն ու հզորացնելն է: Այժմ Հայաստանը պատկանում է ամբողջ հայությանը, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության հզորացումը յուրաքանչյուր հայի պարտավորությունն է: Հզորացում ասելով՝ մենք հասկանում ենք ժողովրդի ամուր կապվածությունը հայրենիքին: Նրա կենսամակարդակի բարձրացումը, հայ մշակույթի ծաղկումը, պետական կառույցների ամրացումը, Հայաստանի արտաքին հարաբերությունների ծավալումը, հայրենի մեր քաջարի բանակի ամրացումը: Այս բոլորը կարելի է իրագործել մեր բոլորի ամբողջական մասնակցությամբ՝ հայրենաշինության նվիրական գործով»:

Ապա, անդրադառնալով Սիրիայի հայության դիմագրաված դժվարություններին, Վեհափառ Հայրապետը ասել է. «Վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Սիրիայի հայության վերականգնման աշխատանքներին: Սիրիայի հայության տագնապը համազգային հիմնահարց է, որին պետք է հենց այս գիտակցությամբ մոտենալ: Անհրաժեշտ է առանց խտրականության օգնության ձեռք մեկնել Սիրիայի հայությանը հենց այսօր, վաղը կարող է ուշ լինել»:


Ապա` Վեհափառ Հայրապետը հիշել է, որ Սիրիայից որոշ թվով հայ ընտանիքներ են գտնվում Լիբանանում՝ դժվար պայմաններից ելնելով: Նա ասել է. «Սիրիայի հայերը մեր եղբայրներն ու քույրերն են, նրանք մեր հյուրերը չեն: Այս գիտակցությամբ պետք է մոտենանք նրանց և մեր տների, ակումբների, եկեղեցիների, աշխատավայրերի դռները պետք է լայնորեն բացենք նրանց առջև՝ նրանց օգտակար լինելու բարձր աստիճանի նախանձախնդրությամբ: Վստահ ենք, որ նրանք ժամանակավորապես պետք է հաստատվեն Լիբանանում և Սիրիայի դրությունը հանդարտվելուն պես կվերադառնան իրենց տներին ու աշխատանքներին՝ մասնակից դառնալու Սիրիայի հայության վերականգնման ու վերակազմակերպման աշխատանքներին»:


Իր խոսքի ավարտին, Վեհափառ Հայրապետը կոչ է ուղղել Լիբանանի թեմի Առաջնորդ Սրբազանին, Ազգային Իշխանության ու բոլոր կազմակերպություններին՝ «առավելագույն չափով օգտակար լինելու Սիրիայի մեր ժողովրդի զավակներին»: