Բուայեն հայերին խոստացել է ցեղասպանության մասին նոր օրինագիծ ներկայացնել

17:54 • 23.09.12

Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի աջակիցներից պատգամավոր Վալերի Բուայեն հայերին խոստացել է նոր օրինագիծ ներկայացնել:
 

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով Nouvelles d'armenie պարբերականին, տեղեկացնում է, որ Բուայեն հայտարարել է, թե ցանկանում է ավարտին հասցնել սկսած գործը: «Օրինագիծը ևս մեկ անգամ խորհրդարանի օրակարգ եմ մտցնելու: Մենք դեռ հույս ունենք: Առայժմ հետևում ենք, թե նախագահ Ֆրանսուա Օլանդը կկատարի՞ խոստումը, թե ոչ:Նա հայտարարել էր, որ օրինագիծն օրակարգ է մտցնելու, սակայն այսօր Թուրքիայի հանդեպ այլ քաղաքականություն է վարում»,-ասել է Բուայեն:


Հիշեցնենք, որ Ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական էր ճանաչել:


Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք ընդունել: