Հայաստանի հինգ մարզերում ՏԻՄ ընտրություններ են

11:15 • 23.09.12

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում ՀՀ հինգ մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում: Ընտրություններին մասնակցելու են 318 համայնքներ:


Համայնքի ղեկավարի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 3149 թեկնածու, որոնցից 521-ն համայնքի ղեկավարի թեկնածուներ են, իսկ 2626-ը՝ ավագանու անդամներինը: Համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված 521 թեկնածուներից իգական սեռի են 11-ը, իսկ 2626 ավագանու անդամի թեկնածուներից՝ 164-ը:

Առաջադրված բոլոր 3149 թեկնածուների գերակշռող մասը անկուսակցական են՝ 1880 թեկնածու: Ամենաշատ թեկնածուները ՏԻՄ ընտրություններում առաջադրել են՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը՝ 919 թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 449, Օրինաց Երկիր կուսակցություն՝ 50, 5-ական թեկնածուներ են առաջադրել «Ժառանգություն» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայոց համազգային շարժում կուսակցությունը և «Ժողովրդավարություն» և աշխատանք կուսակցությունը և այլն:


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն էլ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այսօր` 8.00-ին, բացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4312 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 68-ը: ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` անհրաժեշտություն է առաջացել լրացնել չներկայացած 15 անդամների տեղերը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից, ինչն իրականացվել է:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով:

 

Հիշեցնենք, որ սա ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլն է, առաջինը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին: