Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» դաշտային ուսումնավարժությունը, որին մասնակցում են նաև հայ փրկարարները

14:20 • 23.09.12

Այսօր, ժամը 10.00-ին Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» դաշտային ուսումնավարժությունը, որին մասնակցում է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից։


Ուսումնավարժության բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքումը համակարգող եվրոատլանտյան կենտրոնի ղեկավար Գյունտեր Բրենդշնայդերը:


«Ջորջիա 2012» ուսումնավարժությանը մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 պետություններից ժամանած քաղաքացիական և ռազմական թիմեր: Ուսումնավարժությանը հետևում են նաև տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ ներկայացնող շուրջ 60 դիտորդ:

Մեր թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ, այդ թվում՝ քաղաքային որոնողափրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական,ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ։


«Ջորջիա 2012» ուսումնավարժության նպատակն է կատարելագործել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների աղետների արձագանքման հմտությունները և ընդլայնել նրանց միջև համագործակցությունն արտակարգ իրավիճակներում:

Ուսումնավարժության առաջին օրն անցկացվող տեսական դասընթացների շրջանակներում մեր քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի խմբի անդամները մասնակցել են թեմատիկ սեմինարի: