Երկրաշարժ Իրանում՝ Կապանից 73 կմ հեռավորության վրա
Իրանի հյուսիս արևմտյան հատվածում այսօր, ժամը 9.40-ին տեղի է ունեցել հերթական երկրաշարժը: Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքից, այս անգամ երկրաշարժը գրանցվել է Ահար քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 4.3 մագնիտուդ: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 10.1 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, մասնավորապես Սյունիքի մարզում, քանի որ էպիկենտրոնը Սյունիքի մարզկենտրոն Կապանից գտնվել է 73 կմ դեպի հարավ:
Նշենք, որ նույն՝ 4.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էլ, այս անգամ Կապանից 59 կմ հեռավորության վրա, գրանցվել էր ընդամենը 6 օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին:
Հիշեցնենք նաև, որ Իրանի այս շրջանում սեյսմիկ ակտիվությունը մեծացավ այս տարվա օգոստոսի 11-ին գրանցված 6.6 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժից հետո, որի արդյունքում գրնացվեց ավելի քան 300 զոհ և 2000 վիրավոր: Դրանից հետո նշված տարածաշրջանում հետցնցումները շարունակվում են՝ հասնելով մի քանի տասնյակի:










