Բան Կի Մունն ու Ահմադինեժադը քննարկել են Իրանի միջուկային ծրագրերն ու Սիրիայի խնդիրը
Նյու Յորքում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Նրանց քննարկման առանցքում եղել են Սիրիայի հակամարտության հումանիտար հետևանքները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրերը:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է տարածաշրջանի վերջին զարգացումներին, որոնց վրա Սիրիայում իրավիճակի վատթարացումը կարող է վատ հետևանքներ ունենալ:
«Գլխավոր քարտուղարն Իրանին կոչ է արել «համապատասխան միջոցառումներ ձեռնարկել` միջազգային հանրությանն ապացուցելու, որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում»,-ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը նաև անընդունելի է համարել տարածաշրջանում ատելության սերմանումը, ինչպես նաև միմյանց հասցեին սպառնալիքներ հնչեցնելը:










