Օշականում ընտրական հանձնաժողովի կին անդամը ճնշումների հետևանքով հոսպիտալացվել է
Երեկ Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղական ինքնակառավարման մարմինների(ՏԻՄ) ընտրություններ բավական լարված են անցկացվել, ինչի հետևանքով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել 15/02 տեղամասային ընտրական հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմինե Գասպարյանը:
Այս մասին Tert.am–ին հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, փաստը հաստատեց նաև Արմինե Գասպարյանի ամուսինը՝ Արտյուշը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Արմինե Գասպարյանը առողջական խնդիրներ (արյան ճնշում) է ունեցել, և «ընտրական օրվա լարվածությունը, ահ ու սարսափի մթնոլորտն» իրենց ազդեցությունն են թողել մի քիչ վատառողջ կնոջ ինքնազգացողության վրա:
Հանձնաժողովի անդամը ներկայումս դուրս է գրվել և գտնվում է ծնողների տանը:
«Ինչ-որ խախտումներ են եղել, ուզեցել են քվեաթերթիկ գողանան, խառնաշփոթ վիճակ է եղել, վատացել ա»,- ասաց հանձնաժողովի անդամի ամուսինն՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչն է եղել Արմինեի ինքնազգացողության վատացման պատճառը:
Նա հաստատեց նաև այն տեղեկությունը, որ հանձնաժողովի անդամը ցանկացել է խախտումների մասին ահազանգել, սակայն ինչ-որ անձինք թույլ չեն տվել և խլել են նրա հեռախոսը:
Իսկ թե ովքե՞ր են բռնությունների ու խախտումների հեղինակը, Արտյուշը պատասխանեց. «Դե, տարբեր, վստահված անձինք են լինում, չէ՞, հետո ըտեղ հակասություն կար գյուղապետի ու մարզպետի միջև, չնայած բոլոր ճնշումներին»:
Ըստ նախնական տվյալների, Օշականի գյուղապետ է ընտրվել համայնքի գործող ղեկավար, ինքնաառաջադրված Արամ Ներսիսյանը՝ 141 ձայնի առավելությամբ հաղթելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական Մկրտիչ Հովհաննիսյանին:
Նշված ահ ու սարսափի մթնոլորտն ու ընտրախախտումներն էլ, ըստ Արտյուշի, արել են հենց Մկրտիչ Հովհաննիսյանի կողմնակիցները:
Tert.am –ը զրուցեց նաև թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանի հետ, ով ի պատասխան հարցին, թե իրենց ի՞նչ փաստեր են հայտնի ընտրախախտումների մասին՝ նշեց, որ թիվ 15/02 հանձնաժողովի անդամը վատացել է: Սակայն քվեաթերթիկներ գողանալու մասին ընտրատարածքային հանձնաժողովի անդամը տեղյակ չէր:
«Ինչ-որ մի բան է եղել՝ անվավեր քվեաթերթիկների հետ կապված, դրանք մի յանի (կողմի-Tert.am) վրա դրված են եղել, 21 հատ անվավեր քվեաթերթիկ, բայց հետո գտնվել են»,- ասաց Հովհաննես Ասատրյանը:
Ի պատասխան հարցին, թե դիմում-բողոքներ ստացե՞լ են, նշեց, թե չի կարող ասել, քանի որ դրանք կստանան այսօր ժամը 12-ից մինչև ժամը 18:00-ն ընկած հատվածում:










