Չինաստանն ունեցավ իր առաջին ավիակիրը, որը ԽՍՀՄ «Վարյագն» էր

22:08 • 24.09.12

Չինաստանի ռազմածովային ուժերն արդեն ունի իր առաջին ավիակիրը` «Շի Լան», որը նախկինում ԽՍՀՄ, իսկ ավելի ուշ արդեն ուկրաինական զինուժին պատկանող «Վարյագ» անունով նավն է:


Ինչպես հաղորդում է Global Times-ը, նավի փոխանցման արարողությունը տեղի ունեցավ Դալյան քաղաքի նավահանգստում:

«Շի Լան» ավիակիրը 2012թ. օգոստոսին անցնում էր իր 10-րդ ծովային փորձարկումները: Հաղորդվում էր, որ 2012թ. ավարտին նավը սպառազինության տակ կդրվի, սակայն լիակատար ռազմական պատրաստության վիճակի այն կբերվի միայն 3 տարի անց:


Փորձարկումների ընթացքում նավի վրա, մասնավորապես, նկատվել են չինական J-15 կործանիչների և Z-8 AEW ուղղաթիռի մակետներ:


Սեպտեմբերի սկզբին Չինաստանում նկատվել էր նաև ամերիկյան F-22 և F-35 5-րդ սերնդի կործանիչ ինքնաթիռների նմանակ ինքնաթիռ, որը, փորձագետների կարծիքով, նույնպես կարող է օգտագործվել «Շի Լան» ավիակրի վրա:


ԽՍՀՄ «Վարյագ» ավիակիրը ստեղծվել է 1143.6 նախագծով` 1988թ. և 1993թ. բաժին հասել Ուկրաինային: 1998թ. Ուկրաինան այն մետաղի ջարդոնի գնով վաճառել է Չինաստանին, որտեղ այն պետք է վերածվեր լողացող խաղատան: Սակայն չինական կողմը մտքափոխվել էր և նավը վերականգնել և մարտական ավիակիր է դարձրել: