Ընդունելություն Կահիրեյում՝ նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին

20:52 • 24.09.12

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:


Ըստ Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ հյուրերի թվում են եղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պառլամենտի Վերին պալատի փոխնախագահ Թարեք ալ-Սահրին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ,
Կահիրեում հավատարմագրված ավելի քան 60 երկրների դեսպաններ և դիվանագետներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ և լրագրողներ:


ՀՀ Անկախության տոնը շնարհավորելու էին եկել նաև Եգիպտոսի Հայոց առաքելական համայնքի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Կահիրեի և Ալեքսանդրիայի թեմական ու քաղաքական ժողովների ղեկավարները, հայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև Եգիպտոսում բնակվող Հայաստանի քաղաքացիներ:


Ընդունելությանը ելույթով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով խոսել է անկախության` որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի և երազանքների իրականացման մասին, անդրադարձել անցած տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին ու հաջողություներին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև հայ-եգիպտական համագործակցության խնդիրներին՝ կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում:


Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել Եգիպտոսի Նախագահ Մոհամեդ Մուրսիի անձնական ներկայացուցիչ Ահմադ Էլ-Անսարին, որը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին էր փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին ուղղված` երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: