Սաֆարովի գործով ԵՀՄՖ-ն կդիմի միջազգային դատարան

10:48 • 24.09.12

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ ադրբեջանցի մարդասպանի արտահանձման շուրջ պատրաստվող իրավաբանական հայցի վերաբերյալ տեղեկատվություն: Այս մասին հայտնում են ԵՀՄՖ մամլո քարտուղարությունից:

 

Հունգարական տեղեկատվական գործակալությունն (MTI) արդեն իսկ հրապարակել է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի պահանջները:

 

Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսում ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնել է, որ ԵՀՄՖ-ն մտադիր է Սաֆարովի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային դատարան և Հաագայի միջազգային դատարան:


«Ներկա պահին աշխատում են իրավաբանության ոլորտում փորձագետների մի խումբ, ովքեր կկազմեն հայցը: Այն կարող է պատրաստ լինել արդեն մի քանի ամսից, և երբ այն ամբողջովին կվերջացնենք, հունգարա-ադրբեջանական գործը կհանձնենք դատարան»,- հունգարական MTI-ին հայտնել է Աշոտ Գրիգորյանը:

 

«ԵՀՄՖ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու և կարգավորելու համար: Մենք կցանկանայինք լսել հունգարական կառավարության տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը», - ընդգծել է Աշոտ Գրիգորյանը:


ԵՀՄՖ-ն ենթադրում է, որ գործընթացի ժամանակ հունգարական կառավարության կողմից սխալ է թույլ տրվել, քանի որ վերջինս կարող էր ենթադրել, որ Սաֆարովն ազատ կարձակվի.«Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարությունն այդքան միամիտ չէ` հավատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում կմնա բանտում, քանի որ 2005թ. նրա պատվին Բաքվում փողոց էր անվանվել»,- հայտնել է ԵՀՄՖ նախագահը:

 

ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա, որպեսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում. «Բավարար կլինի եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել և այն շտկեն,- նշեց Աշոտ Գրիգորյանը,- եզրափակելով՝ «այդպիսով Հունգարիան կմաքրվի»:


(ԵՀՄՖ հունգարական կառավարությունից նաև ակնկալում է ներողության հայցում և ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հիմնավորում: