Գարեգին Բ–ն ընդունել է Հայ օգնության ֆոնդի անդամներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի անդամներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության՝ հանդիպման սկզբում Խաժակ Սրբազանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրել է ՀՕՖ-ի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Սրբազան Հայրը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 22-ի ժողովում կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացրել` շարունակել ակտիվ կերպով ծրագրեր իրականացնել Հայրենիքում` այսուհետև մասնավոր ուշադրություն դարձնելով դաստիարակչական ծրագրերին, կարիքավորների օժանդակության հարցերին և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ձեռնարկներին:
Ողջունելով ՀՕՖ-ի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել նրանց այն օգտաշատ աշխատանքների համար, որ կազմակերպության ներկայացուցիչների համատեղ ջանքերով իրականացվում են հայրենիքում:
Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է նաև, որ իր նախաձեռնություններով ու աշխատանքների ընդգրկուն ծավալով ՀՕՖ-ն առաջին կազմակերպություններից էր, որ հայրենիքի անկախության շրջանից սկսած մեծ ներդրում ունեցավ Հայաստանի զարգացման ու շենացման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող ֆոնդի անդամներին` շարունակել իրենց աշխատանքներով կարևոր օժանդակություն բերել Հայրենի երկրին և նպաստել Հայոց Եկեղեցու զորացմանն ու առաջընթացին:
Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքն է հայտնել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական խորհրդին և առաջնորդ Սրբազան Հորը` թեմական կյանքն արդյունավետ կազմակերպելու և նոր ձեռքբերումներ արձանագրելու համար:










