JATA ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանցիները փորձել են քարոզչական նյութեր տարածել
Հայաստանի ազգային մրցունակություն հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացող JATA միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների և այցելուների շրջանում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը պահանջել է ցուցահանդեսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, և ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:
Հիմնադրամը նաև հիշեցնում է, որ օրեր առաջ Փարիզում կայացող Top Resa միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ:
Չնայած այս ամենին` տաղավարը վերականգնվել էր, իսկ հայկական քարտեզները և գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:










