Ռուսաստանը կապ չունի Վրաստանի «բանտային սկանդալի» հետ. ՌԴ ԱԳՆ

18:06 • 24.09.12

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի Վրաստանում առաջացած «բանտային սկանդալի» հետ, տեղեկացնում է izvestia.ru-ն:
 

Թբիլիսիում արդեն մի քանի օր է շարունակվում են Գլդանիի բանտում կալանավորներին կտտանքների ենթարկելու դեմ բողոքի ցույցերը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ վրացական կառավարության որոշ ներկայացուցիչներ բողոքի ցույցերը կապում են խորհրդարանական ընտրություններից առաջ «արտաքին միջամտության» հետ:


«Մոսկվային հղումները ծիծաղելի են, քանի որ չեն հաստատվում ոչ մի փաստով»,- հայտարարել է Արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 

Ռուս բարձրաստիճան դիվանագետը ցրել է նաև վրացական կողմի անհանգստությունն այն մասին, թե «Կովկաս-2012» զորավարժությունները վտանգավոր են Վրաստանի համար:
 

«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Թբիլիսիում ինչ-որ մեկը գիտակցաբար միֆ է ստեղծում «Կովկաս-2012» զորավարժությունների վտանգավոր լինելու մասին՝ առանց որևէ հիմք ունենալու»,- հայտարարել է Կարասինը:

 

Նրա հավաստմամբ՝  զորավարժությունների անցկացման մասին հայտարարվել էր Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ամսաթվի հրապարակումից առաջ: