ԱՄՆ–ում հայերը ներգաղթյալների քաղաքում ներկայացրել են ավանդական կերակրատեսակներ

09:00 • 24.09.12

«Հայկական սնունդը զարդարում է Լինքոլն Փլեյսի փառատոնը», գրում է BND.com-ը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի Իլինոյիս նահանգի Լինքոլն փլեյս ներգաղթյալների քաղաքի փառատոնին:

Տեղի պատմության ուսուցչուհի Նորմա Ասատրյանի ու նրա ամուսնու օրինակով՝ աղբյուրը գրում է, որ հայերը սննդով՝ «լցոնված կաղամբով և շիշ քաբաբով», պատվում են իրենց նախնիներին, որոնք ԱՄՆ են գաղթել 1900-ականներին:


Այս առիթով ներկայացվում է նաև մի հայ ներգաղթյալ ընտանիքի պատմությունը, շոշափվում Հայոց ցեղասպանության հարցը:


Նույն առնչությամբ աղբյուրը գրում է «ավանդական հայկական ուտելիքի՝ ծիրանի, նռան, նուշի, մածունի, թարմ խոտաբույսերի» մասին և նշում, որ հենց դրանց շնորհիվ են հայերն այդքան երկարակյաց:


Լինքոլն Փլեյսը Գրանիթ Սիթիի թաղամասերից է, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին «հնոց» դարձավ շատ ներգաղթյալների համար:


Լինքոլն Փլեյսի Ժառանգության փառատոնը այս տարի՝ սեպտեմբերի 22-ին, կայացել է 10-րդ անգամ:


Իրենց կերակրատեսակներն են ներկայացրել նաև մակեդոնացիները, բուլղարացիները և մեքսիկացիները: