Բարերաների հատկացումներով բեռնված առաջին ինքնաթիռը ճանապարհ կընկնի Սիրիա. «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնություն
«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունից հայտնում են, որ սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության՝ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը գնալով տարածում է ստանում մեր հասարակության ամենալայն շերտերի շրջանում։
«Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ են արձագանքել սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին պատերազմի արհավիրքի դեմ մենակ չթողնելու, նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու մեր կոչին»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնությանն առաջինն անդրադարձել և օգնության ձեռք է մեկնել Արցախի կառավարությունը՝ զգալի քանակությամբ պարենամթերք տրամադրելով։
Առաջին արձագանքողների շարքում են «Գրանդ Հոլդինգ»-ը, «Աշտարակ կաթ» ՓԲԸ- ները, «Արտֆուդը», «Արթիմեդ» և “Ալեքս գրիգ» ՍՊԸ-ները։
Նրանց և մի շարք այլ բարերաների հատկացումներով բեռնված առաջին ինքնաթիռը շատ շուտով ճանապարհ կընկնի Սիրիա՝ դեղորայք և առաջին անհրաժեշտության պարենամթերք հասցնելով հումանիտար աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը խորին երախտագիտություն է հայտնում մեր կոչին անդրադարձած բոլորին և շարունակում համազգային համախմբման այս նվիրական գործը։










