ՌԴ պաշտպանության նախկին նախարարը մահացել է ուղեղի կաթվածից

13:18 • 24.09.12

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը, նախնական տվյալներով, մահացել է ուղեղի կաթվածից, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով ռազմաբժշկական շրջանակների աղբյուրին։


«Գրաչովը հոսպիտալացվել է բարձր ճնշմամբ, բացարձակ սթափ վիճակում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ նա թունավորվել է սնկից, սակայն ոչ մի սնկի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է աղբյուրը։

 

Նրա խոսքով՝ «բարձր ճնշումը հանգեցրել է կաթվածի, ինչն էլ՝ ողբերգական հետևանքների»։

 

Պավել Գրաչովը մահացել է նախօրեին, 64 տարեկանում, Վիշնևսկու անվան հոսպիտալում։ Հիշեցնենք, որ նա հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ի գիշերը։

 

64-ամյա Գրաչովը 1992-1996թթ. եղել է ՌԴ պաշտպանության նախարարը: Մասնակցել է Աֆղանստանի, Չեչնիայի զինված հակամարտություններին: Հայտնի է նաև որպես ՀՀ հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի մտերիմ բարեկամ: Գրաչովը Սարգսյանին իր եղբայրն է անվանել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա եղել է նաև Վազգեն Սարգսյանի քավորը: