Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը նշվել է Պեկինում
Սեպտեմբերի 21-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն`նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Չեն Գոպինը, Չինաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Չինաստանի պաշտպանական ոլորտի և ռազմադիվանագիտական կորպուսի սպաներ, ինչպես նաև Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Երեկոյան տեղի է ունեցել հավաք-ընդունելություն` Պեկինում բնակվող հայերի, այդ թվում` այնտեղ սովորող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ:
Միջոցառումների մասնակիցներին ողջունել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:










