Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսաջանիի որդին կկանգնի դատարանի առաջ

14:20 • 24.09.12

Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսաջանիի որդին վերադարձել է հայրենիք՝ դատարանի առաջ կանգնելու համար, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրանական Ֆարս լրատվական գործակալությանը:

 

Մեհդի Հաշեմի Ռաֆսաջանին դատական հետապնդումից թաքնվելու համար վերջին երեք տարիներին բնակվել է Մեծ Բրիտանիայում։ Իրանցի քաղաքական գործչի որդին մեղադրվում է ընդդիմությանն աջակցելու և 2009թ. նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու, ինչպես նաև տնտեսական հանցագործություններ կատարելու մեջ:

 

Ըստ լուրերի՝ Հաշեմի Ռաֆսաջանիի որդին վերադարձել է Թեհրան, քանի որ նրա հորը հաջողվել է մեղադրանքի վերանայման շուրջ համաձայնության գալ։

 

Սա Իրանի նախկին նախագահի կողմնակիցների նկատմամբ հարուցված առաջին քրեական գործը չէ: Անցած շաբաթ նրա դուստր Ֆաեզան, ով դատապարտվել էր 6-ամսյա կալանքի՝ «հակակառավարական քարոզչություն տարածելու» մեղադրանքով, տեղափոխվել է բանտ: