ՏԻՄ ընտրությունները՝ առևտուր, իսկ փողը` քվեարկության դրդիչ ուժ. Ստյոպա Սաֆարյան
Երեկ Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերի 379 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, առնվազն Դիլիջանում անցկացվածը, հիշեցնում էին առևտուր: Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի Դիլիջանում անցկացված ընտրությունները՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց.«Ցավոք սրտի, նկատելի էր, որ քվեարկության հիմնական դրդող գործոնը փողն է, վարչական ռեսուրսն ու թեկնածուներից մարդկանց կախվածությունը»:
Հիշեցնենք, որ Դիլիջանում «Ժառանգություն»-ն ուներ ավագանու մեկ թեկնածու՝ Արման Սիմոնյանը, ով ըստ նախնական տվյալների՝ չի անցել մոտ երկու տասնյակ ձայների տարբերությամբ:
Ստյոպա Սաֆարյանը պատահական չի համարում այն, որ որպես ավագանի ընտրվել են հիմնականում էլցանցերի, ջրմուղի ու բանկի աշխատակիցներ։ «Ի~նչ ծրագիր ուզում ես ներկայացրու, ընտրողը ծրագրերով չի քվեարկում, այլ վերը նշված գործոններով»,– ասաց նա:
Ըստ «Ժառանության» գլխավոր քարտուղարի՝ նախնական տվյալներով Դիլիջանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված, Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Հիշեցնենք, որ այստեղ «Բարգավաճ Հայաստան»-ն էլ առաջադրել էր Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի թեկնածությունը:
Ըստ նախնական տվյալների՝ Ծաղկաձորում էլ չի ընտրվել «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն՝«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից Հովիկ Հակոբյանը, ում պաշտպանում էր նաև «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը: Հանրապետական կուսակցության կողմից այստեղ առաջադրված է Արթուր Հարությունյանը:
Այս պահին Tert.am-ը թվային այլ մանրամասների չի տիրապետում, քանի որ ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից ու ընտրական հանձնաժողովներից դեռ հեռախոսազանգերի չեն պատասխանում:










