Սաղմոսավանում միակ թեկնածուն՝ համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն ընտրվել է 97 քվեով
2012 թ. սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, Արագածոտնի մարզի համայնքներից Սաղմոսավանի գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Ներսես Ավագյանը վերընտրվել է 97քվեով: Ի դեպ, նա համայնքի ղեկավարի միակ թեկնածուն էր, քանի որ նույն գյուղում իր թեկնածությունն առաջադրած մյուս թեկնածուն՝ Սիրանույշ Ազատյանը մի քանի օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել:
Շողակն համայնքի Հանրապետական կուսակցության թեկնածու, համայնքի գործող ղեկավար Սմբատ Բաղդասարյանը ևս վերընտրվել է՝ 79 քվեով:
Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզի պաշտոնական կայքից:
Այսպիսով, 2012 թ. սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի համայնքներում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքներով Աշտարակ քաղաքում քաղաքապետ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Անտոնյանը՝ 4 745 ձայնով: Նշենք, որ ինքաառաջադրված մենատնտես Ռազմիկ Տերտերյանը ստացել է 4 227 քվե:
Արտաշատավանում վերընտրվել է համայնքի դաշնակցական ղեկավար Ղազար Կարապետյանը, Բազմաղբյուրում՝ 321 քվեով համայնքի գործող ղեկավար Խոսրով Հարությունյանը, Կարբիում՝ անկուսակցական մենատնտես Կարո Բաղդասարյանը՝ 694 քվեներով հաղթել է ԲՀԿ-ական մենատնտես Մելքոն Մայիլյանին, անկուսակցական մենատնտես Սիմոն Մելքոնյանին և համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Ֆրունզիկ Նազարեթյանին:
Փարպիում գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված, անկուսակցական համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը, Ապարանում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ից առաջադրված Գոռ Աբրահամյանը՝ 2 871 ձայնով:
ՀՀԿ թեկնածուները, որոնք որպես կանոն նաև համայնքի գործող ղեկավարներ են, վերընտրվել են. այսպես՝ Արայի գյուղում ՀՀԿ-ից առաջադրված գործող գյուղապետ Էդիկ Պետրոսյանը, Եղիպատրուշում՝ համայնքի գործող ղեկավար Մարզպետ Գրիգորյանը, Երնջատափում՝ համայնքի գործող ղեկավար Հրաչյա Սահրադյանը, Շենավանում՝ Աշոտ Ղազարյանը, Չքնաղում՝ համայնքի ղեկավար Վանյա Դավթյանը:
Ծաղկաշենում ևս վերընտրվել է ՀՀԿ թեկնածուն՝ Խալաթ Ոսկանյանը, Վարդենիսում՝ ՀՀԿ-ական, համայնքի ղեկավար՝ Կամո Պետրոսյանը, Վարդենուտում համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Կամո Սահակյանը, Քուչակում՝ հանրապետական Հովիկ Ամիրյանը՝ 531քվեով. Հայոց համազգային շարժման ներկայացուցիչ, թեկնածու Արմեն Գևորգյանը նրանից հետ է մնացել ընդամենը երեսուն ձայնով:
Նշենք, որ Կայք գյուղում պատկերը միանշանակ չէ, քանի որ թեև նախնական արդյունքներով՝ 123 քվեով, ընտրվել է անկուսակցական, ինքնաառաջադրված , վարորդ Ռուբիկ Սարգսյանը, ՀՀԿ-ից առաջադրված համայնքի գործող ղեկավար Նաիրի Գրիգորյանը նրանից ընդամենը մի քանի ձայնով է հետ մնում ՝ ստանալով 112 քվե, իսկ Կայքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մարտին Հարությունյանը ստացել է 91 քվե:
Սասունիկում էլ գյուղապետ է ընտրվել ՕԵԿ-ական Արման Մարգարյանը:










