Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Գյումրի

16:15 • 25.09.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն է անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որի ընթացքում քննարկվել են համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող ծրագրերին առնչվող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:


Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:


Մարզի համայնքներում 2012թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 69,9 տոկոս, հողի հարկինը` 54,8 տոկոս: Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրելով այս ցուցանիշներին` փոխվարչապետը հորդորել է քայլեր ձեռնարկել դրանց բարելավման ուղղությամբ:


Անդրադառնալով արդյունավետ վարչարարության խնդիրներին`Արմեն Գևորգյանը, հատկապես, կարևորել է ընթացիկ բյուջեների կատարման և նոր ապառքների չկուտակման հանգամանքը:


Փոխվարչապետը ընդգծել է, որ դրան էր ուղղված նաև այս տարվա գարնանն ընդունված տեղական հարկերի մասին օրենսդրական փաթեթը, որով բազաներից հանվում են անհուսալի ապառքները, և հնարավորություն է ընձեռվում ձևավորել առավել իրատեսական բյուջեներ ու ամբողջությամբ կատարել դրանք: Կարևորելով բյուջետային կարգապահությունը` նա հիշեցրել է, որ տեղական հարկերի ոչ պատշաճ հավաքագրումն առաջին հերթին հարվածում է համայնքին` տեղական բյուջեն զրկելով եկամտային աղբյուրներից:


Փոխվարչապետը հիշեցրել է նաև, որ օրենսդրական փաթեթով սահմանված արտոնություններից բնակիչները կարող են օգտվել մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը` վճարելով նախորդ տարիների գույքահարկի և հողի հարկի մայր գումարները և ազատվելով դրանց համար հաշվարկված ու չվճարված տույժերի և տուգանքների վճարումից:

 

Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետին զեկուցվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլի ընթացքի մասին: Նշվել է, որ արդեն իրականացվել է նախատեսված աշխատանքների 92,5 տոկոսը: Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:


Այցի շրջանակում Ա. Գևորգյանը ներկա է գտնվել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013թ. ամռանը: Դպրոցն ավերվել էր երկրաշարժի ժամանակ և առ այսօր գործում է տնակային պայմաններում:


Դպրոցի կառուցման ծրագիրը նախաձեռնել էին ՀՕՖ-ը, «Do Something» կազմակերպությունն (որի ղեկավարը «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի նախաձեռնող Ջոն Դին է) ու «Մեդիամաքս» գործակալությունը: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, ծրագրին իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀ նախագահը: Ընդհանուր առմամբ այդ նպատակի համար հավաքվել է մոտ 450 հազ. դոլար:


Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին` նրանց հետևողական ջանքերի համար: Նա նաև բարձր է գնահատել դպրոցի մանկավարժների աշխատանքը, ովքեր, չնայած պայմանների բացակայությանը, նվիրվածությամբ շարունակում են իրենց աշխատանքն ու տաղանդավոր սաներ պատրաստում:


Նա վստահություն է հայտնել, որ նոր դպրոցի կառուցումը խթան կլինի` նոր հաջողություններ արձանագրելու, Գյումրիում երաժշտական ավանդույթները շարունակելու համար: