Սիրիայում մոտ 5000 օտարերկրյա վարձու գրոհայիններ են կռվում. Լահդար Բրահիմի

01:14 • 25.09.12

Մոտ 5 հազար օտարերկրյա վարձկաններ են մասնակցում սիրիական իշխանությունների դեմ մղվող զինված պայքարին, հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում կատարելով «Ֆրանս Փրեսս» գործակալությանը:


Ինչպես գործակալությանը հաղորդել են դիվանագիտական աղբյուրները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցության ժամանակ իր զեկույցի ընթացքում Բրահիմին նաև նշել է, որ Դամասկոսի կարծիքով, երկրի զինված հակամարտությունը «միջազգային դավադրության» հետևանք է:


Միևնույն ժամանակ Բրահիմին այսօր ՄԱԿ-ում որևէ հայտարարություն այս կապակցությամբ չի հնչեցրել:


Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպում սիրիական բանակը սպանել էր ավելի քան 100 աֆղանական վարձու գրոհայինների:


Իսկ Դամասկոսի մերձակայքում ավելի քան 150 օտարերկրյա վարձու գրոհայիններ էին գերի ընկել կառվարական զորքերի գործողության արդյունքում:


Սիրիայի իշխանությունները երկրում հակամարտության ամենասկզբից նշում էին, որ իրենց երկիրը դիմադրում է միջազգային դավադրության, իսկ Սիրիայի կառավարական ԶԼՄ-ները ընդդիմադիր գրոհայինն ջոկատներին բացառապես «ահաբեկիչ և վարձկան» են կոչում: