Չինաստանում վաճառքի է հանվել շշալցված մաքուր օդ (լուսանկարներ)
Չինաստանի խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների հետ մեկտեղ սպառողներին առաջարկվում է բոլորովին նոր, աննախադեպ ապրանքատեսակ` շշալցված մաքուր օդ, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Այս արտառոց նախաձեռնության հեղինակը երկրում հայտնի գործարար ու բարեգործ Չեն Գուանգբիայոն է, ով այս կերպ փորձում է ոչ թե շահույթ ստանալ, այլ հրավիրել մարդկանց ուշադրությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու խնդրի վրա: Գաղտնիք չէ , որ Չինաստանում շատ լուրջ է օդի աղտոտվածության խնդիրը, որը լուծելու համար իշխանությունները պատշաճ քայլեր չեն ձեռնարկում:
Գործարարը որոշել է երկրի էկոլոգիապես մաքուր հատվածներից օդ շշալցնել և վաճառել խոշոր քաղաքներում:
«Դրա օգտագործման ձևն անչափ հեշտ է. Դուք պարզապես պետք է բացեք շիշը և խորը շնչեք դրանում եղած մաքուր օդը»,-նշել է Գուանգբիայոն: Մաքուր օդով շշերը վաճառվում են մոտ 1 դոլարով:
Գործարարի յուրահատուկ առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել չինացների կողմից, ովքեր ուղղակի «սրբել» են խանութներում վաճառվող մաքուր օդով շշերը:
Գուանգբիայոն նաև ասել է, որ մաքուր օդի վաճառքից ստացված գումարի մի մասը կնվիրաբերի երկրի զինված ուժերին` աջակցելով նրանց Դեղին ծովի վիճելի կղզիների պաշտպանության հարցում:










