Կատալոնիայում նոյեմբերի 25-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Իսպանական Կատալոնիա ինքնավար շրջանի կառավարության ղեկավարը արտահերթ տարածքային ընտրություններ անցկացնելու կոչ է արել, որը շատ վերլուծաբաններ դիտարկում են որպես Իսպանիայից անկախանալու հանրաքվե, հաղորդում է BBC-ն:
Այսօր ինքնավարության խորհրդարանի նստաշրջանին հանդես գալով, Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասը հայտարարել է, որ ընտրությունները կանցնեն նոյեմբերի 25-ին:
«Ես չեմ կարող հաշվի չառնել ընտրողներիս կարծիքը սեփական բարեկեցության հաշվին», - հայտարարել է Կատալոնիայի կառավարության ղեկավարը:
Նա նաև հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման դրդապատճառը այն ցույցն է, որը անցել է Բարսելոնում` Կատալոնիային անկախություն տրամադրելու կոչով, ինչպես նաև կենտրոնական կառավարության կողմից` ինքնավարության բյուջեի հարկային հատկացումների մակարդակը ինքնուրույն սահմանելու խնդրանքի մերժումը:
Կատալոնիայի անկախության համար ցույցին, որը անցել է սեպտեմբերի 11-ին Բարսելոնում, մասնակցել է մոտ 1,5 միլիոն մարդ: Ակցիայի մասնակիցները Մադրիդից անկախություն են պահանջել, ինչպես նաև Իսպանիայի հարկային օրենսդրության փոփոխություն:











