Չինաստանի և Ճապոնիայի փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններն ապարդյուն են անցել

13:46 • 25.09.12

Պեկինում Չինաստանի և Ճապոնիայի փոխարտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Ճապոնիայի փոխարտգործնախարար Տիկաո Կավաիին:

 

«Հանդիպումն ապարդյուն է անցել»,- նշել է Կավաին, ում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ իր չին գործընկերոջ` Չժան Չժիցյունի հետ` Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին 2 երկրների արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հարցում:

Քաղաքական վերլուծաբանները դա որակել են որպես ճապոնական դիվանագիտության իսկական «տապալում»:

 

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Դեղին ծովի վիճահարույց Սենկակու կամ Դյայույդաո կղզիների պատճառով, որտեղ նավթի և բնական գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել: Թե Տոկիոն, թե Պեկինը պնդում են, որ դրանք իրենց սեփականությունն են:

 

Ստեղծված իրավիճակն է՛լ ավելի է սրել Թայվանը, որն այսօր 50-ից ավելի նավեր է ուղարկել խնդրահարույց կղզիների ափերի մոտ, ինչից հետո դրանց նկատմամբ ուժ է կիրառվել ճապոնական կողմից:


Այդ ողջ ժամանակահատվածում այդտեղ են գտնվել նաև չինական 5 պարեկային նավեր, որոնք որևէ կերպ չեն միջամտել գործողություններին: