«Հարսնաքարի» պայթեցնելու փորձի քրգործով վճիռը կընթերցվի հոկտեմբերի 4-ին
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը հուլիսի 1-ի գիշերը պայթեցնելու փորձ կատարած ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանի քրգործով այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական առաջին նիստը, որը նախագահող դատավոր Վարդապետյանը հայտարարեց, որ գործի վճիռը կընթերցվի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին:
Զինվորական դատախազը միջնորդեց սահմանել հետևյալ պատիժը՝ 6 ամիս ազատազրկում և 200 հազ. դրամի չափով տուգանք:
Ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը խնդրեց պատիժը սահմանելիս հաշվի առնել այն, որ հանցագործությունը միջին ծանրության է և նրա խնամքի տակ են գտնվում անչափահաս երկու երեխաներն ու հիվանդ հայրը:
Բացի այդ, ամբաստանյալն իր մոտ գտնվող ապօրինի զենք ու զինամթերքը կամովին հանձնել է ոստիկանությանը:
Ավարտելով իր խոսքը՝ պաշտպան Հովհաննես Հարությունյանն առաջարկեց՝ պայմանականորեն պատիժ չկիրառել:
Ամբաստանյալ Վարդան Սամվելյանն իր հերթին նիստի ընթացքում ասաց, որ զղջում է իր արարքի համար։
«Զղջում եմ, որ ծառայելով սահմանամերձ զորամասում հայտնաբերել եմ զինամթերք և ժամանակին չեմ հանձնել ոստիկանությանը: Եթե ժամանակին արած լինեի, նման բան չէր պատահի»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի՝ ծեծի հետևանքով մահանալուց հետո, հուլիսի 1–ին, գիշերը ժամը 02.15–ի սահմաններում, ճամպրուկը ձեռքին մտնելով «Հարսնաքար» ռեստորանային համալիր, Վարդան Սամվելյանը սպառնացել էր պայթեցնել ռեստորանը:
Ոստիկանության օպերատիվ–քննչական խմբին, երեք ժամ շարունակված բանակցություններից հետո, հաջողվել էր վնասազերծել Վարդան Սամվելյանին և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 235 հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) և 4-րդ մասերով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):










