Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելից ժամանած գործարարների հետ

18:26 • 25.09.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած պաշտոնական այցի շրջանակում ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների ու գործարար շրջանակների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:


Հյուրերին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ընդգծել է նաև, որ փոխշահավետ համագործակցության շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց Երևանի ներդրումային ծրագրերում Մարսելի գործարար համայնքի ակտիվ մասնակցությունն է. «Երևանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարևոր մի սկզբունք` համաձայն որի, մենք բաց և պատրաստակամ ենք ձեզ հետ քննարկելու համագործակցության տարբեր ծրագրեր և իրականացնելու կոնկրետ միջոցառումներ, ինչի արդյունքում մեր երկու քաղաքների միջև կստեղծվեն երկկողմ փոխշահավետ գործարար կապեր: Երևանում այսօր ապահովված է ներդրումային բարենպսատ դաշտ բոլոր ներդրողների համար»,- նշել է քաղաքապետը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարը նշել է, որ Մարսելի գործարարները բազմիցս են համոզվել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ.
«Մենք կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք ներդրումային ծրագրերի իրականացման հարցում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:


Մարսելցի գործարարները Երևանում են գտնվում «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցելու նպատակով: Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս փառատոնը ևս մեկ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու ու համագործակցելու համար:


Ողջունելով փառատոնի մտահաղացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է որ այն կրում է ճանաչողական բնույթ և հնարավորություն կստեղծի ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին ու կապեր հաստատելու գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։