Նոր սկանդալ Վրաստանում. Ֆրանսիան այդ երկրին է փոխանցել վրացական ընդդիմությանը վարկաբեկող նյութեր (տեսանյութ)

22:27 • 25.09.12

Ֆրանսիական դատարանի որոշմամբ վրացական կողմին են փոխանցվել ֆրանսիական իրավապահների հայտնաբերած նյութեր, որոնք վերաբերվում են Վրաստանի պետանվտանգությանը, հաղորդում է Грузия Online-ը:

 

Նյութերը փոխանցվել են ԶԼՄ-ներին Վրաստանի գլխավոր դատախազության կողմից:

 

Ֆրանսիական կողմի տրամադրած նյութերից մեկում, որը գաղտնի նկարահանման տեսանյութ է, երևում է, թե ինչպես է վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը` Գեորգի Խաինդրավան, հանդիպում վրացական հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ, որոնք բնակվում են Ֆրանսիայում:


Հանդիպումը կայացել է 2011թ. նոյեմբերի 9-ին և այդ հանդիպման YouTube-ում տեղադրված տեսանյութը ներկայացնում ենք ստորև:

Ֆրանսիացիների տրամադրած նյութերի համաձայն, Ֆրանսիայում Խաինդրավան հանդիպել է վրացի 7 «օրենքով գողերի» հետ: Հանդիպման ընթացքում, իբրև քննարկվել են Վրաստանում ընտրությունների նախաշեմին քաղաքական իրավիճակը ապակայունացնելու և ինչ որ «զինված խմբավորումներ» ստեղծելու նախագծեր:


Грузия Online –ի փոխանցմամբ, Վրաստանի դատախազ Մուրթազ Զոդելավան հայտարարել է, որ հանցավոր աշխարհի պարագլուխների օգնության դիմաց Խաինդրավան, իբր, խոստացել է վերականգնել «նրանց կարգավիճակն ու ազդեցությունը», որը նրանք ունեին նախկինում:


Ստացված նյութերի հիման վրա Խաինդրավաին արդեն կանչել են Վրաստանի դատախազություն` հարցաքննման: