Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի ընտրությունների արդյունքների վրա ազդելու մեջ

23:25 • 25.09.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օգտագործել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթը, որպեսզի աշխարհի ուշադրությունը սևեռի Ռուսաստանի «հանցավոր գործունեության» վրա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Ես ստիպված եմ ձեր ուշադրությունը սևեռել իմ երկրի անվտանգության սպառնալիքի վրա, որը ստեղծվում է արտասահմանից: ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հայտնել են, որ Ռուսաստանը անօրինական կերպով ուժեր է կուտակում գրավյալ վրացական տարածքներում` Հարավային Օսիայում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Վրաստանի մաս», - ասել է Սաակաշվիլին:


Նա նշել է, որ Վրաստանում շուտով խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: «Չի կարելի պատկերացնել առավել պրովակացիոն և անպատասխանատու մոտեցում, քան բանակի կուտակումը ցանկացած ազգի կյանքում այդքան առանցքային պահին», - ավելացրել է նա:


Վրաստանի նախագահի խոսքով, ՌԴ-ն զգալի ֆինանսական միջոցներ է ուղղել, որ ազդի Վրաստանում ընտրությունների արդյունքների վրա: «Վրացական նախընտրական գործընթացում Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է ներարկել», - ասել է Սաակաշվիլին:


Սաակաշվիլին Վրաստանի դաշնակիցներին և ընկերներին կոչ է արել ուշադրություն դարձնել իրավիճակի նման զարգացմանը:


«Ձեր աչալրջությունը և մասնակցությունը անհրաժեշտ են, որ պատմությունը չկրկնվի, և 2012 թվականը չվերածվի 2008-ի կամ 1921 թվականի, երբ Ռուսաստանը վերջին անգամ վերջ դրեց մեր անկախությանը», - ասել է նա: